ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

images

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ամերիկյան Սահմանադրությունն աշխարհի ամենահին սահմանադրությունն է, որի անանց արժեքը պայմանավորված է նրա պարզությամբ ու ճկունությամբ: 18-րդ դարում մշակված Սահմանադրությունը կոչված էր իրավաբանական բազա ստեղծելու Ատլանտյան ծովեզերքին տարածված 13 նահանգների 4 միլիոն բնակչության համար, բայց նրա հիմնական դրույթներն այնպիսի իմաստությամբ էին ձևակերպված, որ հետագայում ընդամենը 27 ուղղում մտցնելուց հետո այդ նույն Սահմանադրությունը բավարարում է այնքա՛ն տարբեր 50 նահանգների 325 միլիոն ամերիկացիների կարիքները Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս:
ԽՍՀՄ ժամանակները թողնենք անցյալին, խոսենք մեր՝ Երրորդ Հանրապետության մասին: 1991 թ. ՀՀ անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ և ընդունվեց նոր՝ ազգային Սահմանադրությունը 1995 թ. հուլիսի 5-ին: 2001 թ. ՀՀ անդամակցությունը Եվրոպական խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում: 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց: Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց: Հիմա իր հերթին է սպասում սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն (մինչդեռ այդ փաթեթը, մասնագետների պնդմամբ, նոր սահմանադրության նախագիծ է, քանի որ ոչ թե առանձին դրույթներ են մասնակի լրացումների ու ճշգրտումների ենթարկվել, այլ դրված է ՀՀ պետական կառուցվածքի արմատական վերափոխման խնդիր):
Այս երկու պարբերությունից հետո ուզում եմ հարց տալ ինձ՝ ինչպե՞ս է լինում, որ մի դեպքում երկրի գլխավոր օրենսգիրքը, հիմքում մնալով անփոփոխ, դառնում է արմատական փոփոխությունների երաշխավոր և իրականացնող, որտեղ երկրի պրեզիդենտը (աշխարհում գերհզո՛ր երկրի պրեզիդենտը) երկրորդ ընտրաշրջանից հետո սուսուփուս, առանց ընդդիմանալու սկսում է կապել ճամպրուկներն ու ճիշտ օրն ու ժամին լքում է Սպիտակ տան օվալաձև առանձնասենյակը, իսկ մենք, որ ընդամենը քսան տարում երեք (չմոռանանք՝ մեկը ձախողված) սահմանադրական հանրաքվե ենք անցկացրել, մեր այս տնտեսական, ես էլ չգիտեմ՝ ինչ վիճակում 2 միլիարդ դրամ ենք քամուն տալիս… ես չասեմ՝ ասում են բոլորը, անգամ իշխանության ներկայացուցիչները՝ անձնական վերարտադրության համար: Էլ չեմ ասում, որ ԱՄՆ ամեն մի նախագահ իրենից հետո ճգնում է թողնել ավելի բարգավաճ ու ապահով երկիր (ինչը նրանց շատ թե քիչ հաջողվում է), իսկ մեզանում միայն հետընթաց է ու հետընթաց (կասկածողներն ընդամենը վերցնեն պաշտոնական վիճակագրության տվյալներն ու համեմատեն. ես չեմ կարող տեղի սղության պատճառով միայն): Երկու օր է մնացել մինչև հանրաքվեն, իսկ ես, թողած էլի շա՜տ լուրջ հարցեր ու հարցադրումներ, ինձ միամիտ հարց եմ տալիս՝ այս սահմանադրությո՞ւնը թույլ տվեց, որ մարզպետի՝ մարդասպանության մեղադրանքով մի քանի ամիս բանտ նստած զավակը պետական կառույցի աշխատակից դառնա, թե՞ նոր սահմանադրությունը թույլ չի տա, որ նրան ավելի բարձր պաշտոնի նշանակեն: Կասեք՝ շա՞տ պարզունակեցրի: Հնարավոր է, բայց քանի դեռ այս պարզունակ հարցերի պատասխանը չունեմ (կարծում եմ, ոչ միայն ես), պիտի հիշեմ հայտնի պապիկի խորհուրդը՝ հանգիստ թողնել Սահմանադրությունն ու փոխվել: Ի դեպ, մեզնից ամեն մեկին չէր խանգարի փոխվելը: