ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Blbulyan

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Մենք՝ ավագ ու միջին սերնդի գրողներս (անշուշտ, ո՛չ միայն գրողներս), հասցրինք երկու ժամանակների մեջ ապրել, նրանց ազդեցությունը, այդ օրերի անխուսափելի կնիքը կրեցինք մեր հոգու ու մտածողության վրա, և, ուզենանք թե ոչ, և՛ մեր ստեղծագործություններում, և՛ պարզապես առօրյա խոսք ու զրույցներում, մեկուսի մտորումների մեջ հաճախ ենք զուգահեռներ անցկացնում դրանց միջև, համեմատում մեր ոչ վաղ անցյալի ու ներկայիս կյանքն ու բարքերը: Ամենապարզ համեմատության մեջ անգամ տեսնում ենք, որ այս ընթացքում առավելապես նահանջել, կորուստներ ենք կրել թե՛ տնտեսական, թե՛ հոգևոր-մշակութային, թե՛ բարոյական առումներով: Սա խորին ցավով ու ափսոսանքով եմ ասում, և որպեսզի որևէ մեկը չշտապի հեգնանքով կամ չարությամբ մեղադրել, թե «ատելի սովետի» հանդեպ կարոտախտ եմ ապրում, շտապեմ ինքս խոստովանել, որ, այո՛, որոշ առումներով նման բան կա ու, հավանաբար՝ ո՛չ միայն ինձ մոտ:
Ես կարոտով եմ հիշում, օրինակ, որ այն ժամանակ պետականորեն առանձնահատուկ ուշադրություն ու հոգածություն կար գրականության, ընդհանրապես մշակույթի հանդեպ. մամուլն ու հեռուստատեսությունը հետևողականորեն անդրադառնում էին այդ ոլորտին, ներկայացնում բնագավառի մարդկանց ու նրանց ստեղծագործությունները: Ես կարոտում եմ այն ժամանակվա երգերին, որոնք ասելիք ու իմաստ ունեին, վարակում էին իրենց մեղեդայնությամբ, հայահունչ, զուլալ հնչյուններով հոգուդ հետ խոսում: Իսկ ներկայումս ինչո՞վ է լցված մեր հեռուստաեթերը, ո՞վ պիտի հայ երգը փրկի «ռաբիս» կոչվածի հաղթարշավից, ասպարեզը նվաճած ինքնակոչ պոետների ու երգահանների «գլուխգործոցներից»…
Իսկ մի՞թե շինծու հերոսներով, սարքովի կամ գողացված պատմություններով իրար հետ մրցող այսօրվա տաղտկալի սերիալներից հալածված՝ շատերդ կարոտով չեք հիշում ժամանակին գործող հեռուստաթատրոնի պարգևած երանելի երկուշաբթիները, երբ հայ, ռուս և համաշխարհային դրամատուրգիայի՝ մեկը մյուսից ուշագրավ, միտք ու հոգի սնող գործեր էինք վայելում ու անհամբեր սպասում հաջորդ ներկայացմանը…
Կարելի է շարունակել թվարկումը, տեղը չէ սակայն: Ասածս այն է պարզապես, որ լավ կլիներ, եթե կարողանայինք շատ կողմերով, իրոք, արատավոր այն ժամանակից ինչ-ինչ դրական ավանդույթներ պահպանել և փոխանցել մեր օրերին, վատ չէր լինի, եթե հիմա էլ որոշ արժեքներ գնահատեինք հենց ա՛յն օրերի չափանիշներով: Թե չէ, ակնհայտ է, որ ինչպես կյանքում, արվեստի ու գրականության մեջ էլ այսօր պակասել են գեղեցիկը, ոգեղենն ու բարին, աններելիորեն ընկել են, խիստ կասկածելի՛ են լավ ու վատի ներկայիս չափանիշները:
Ես բնավ անցյալին վերադառնալու կոչ չեմ անում, և դա հնարավոր էլ չէ: Ես մեր կարևորագույն ձեռքբերումն եմ համարում անկախությունը: Բայց դեռ որքա՜ն բան կա անելու, որ մարդիկ չդառնանան, չխռովեն իրենց երկրից ու իշխանություններից, լիարժեք տեսնեն, գնահատեն, վայելեն այդ անկախությունը, կարողանան հոգևորո՛վ ապրել նաև:
Ահա այսպիսի անուրախ մտածումներ են արթնանում մեր ժամանակի մասին մտորելիս, խոհե՛ր, որ երբեմն և բառ ու տողի են վերածվում, դառնում այնպիսի՛ բանաստեղծություններ, ինչպիսիք, ասենք, սրանից երեսուն տարի առաջ ես հաստատ չէի գրի: Ասել է թե՝ գրողներս մեզնից անկախ էլ հաշվի ենք նստում մեզ վիճակված ժամանակի հետ, ինչ-որ տեղ նրա թելադրանքներին ու պահանջներին ենթարկվում: Եվ գուցե բնավ պարտադիր չէ, որ ինքդ քեզ պարբերաբար հիշեցնես չարենցյան հայտնի պատգամը՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր»: Եթե հենց այնպես, պատահաբար կամ գլխիցդ վեր ինչ-որ հավակնություններով չէ, որ մի օր գրիչ ես վերցրել, պիտի որ հենց այդպե՛ս էլ լինի՝ առանց որևէ ցուցադրանքի կամ պարտադրանքի, պիտի ինքնաբերաբար կարգավորվեն, աստիճանաբար ճշգրտվեն կյանքի ու ժամանակի հետ քո հարաբերությունները: Իսկ դրանից և՛ դու կշահես, և՛ ընթերցողը: