Գրողը և ժամանակը

Գրողը և ժամանակը

Փետրվարի 10-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ միջազգային գրական խորհրդաժողով, որի թեման էր «Գրողը և ժամանակը»: Խորհրդաժողովին մասնակցում էին գրողներ 28 երկրներից: Իրենց ելույթներում նրանք մտահոգություն են հայտնել ներկա ժամանակի, արժեհամակարգերի, գրականության, գրողի հանդեպ վերաբերմունքի, թարգմանական հարցերի և գրատարածման խնդիրների շուրջ:

Խորհրդաժողովին մասնակցում էր նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նրա ելույթի հիմնական առանցքը եղել է Ցեղասպանության 100-ամյակը: Վ. Տերյանի` մտավորականի դերին ու պատասխանատվությանը նվիրված, 1914 թ. «Մշակ» թերթում տպագրված, «Մեր պարտքը» հոդվածից մեջբերելով` «Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունը» միտքը, նա նշել է, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, և այսօր էլ նույն տագնապով է հնչում Տերյանի կոչը: «Առ այսօր անտարբերությունը աշխարհի փոքր ու մեծ ժողովուրդների ճակատագրերի հանդեպ նույնն է, նույնն է ուժեղի արհամարհանքը թույլի հանդեպ, նույնն է դիվանագիտական ու քաղաքական թղթախաղի ու նավթախաղի դաժան հաշվարկների տակ գալարվող վիրավորի ու մեռնողի անզորությունը»,- շեշտել է Էդ. Միլիտոնյանը: Նրա հավաստմամբ` կա երկու հարթություն` «կրկնության սովորությամբ շարժվող ժամանակ ու պատմություն և ինքնատիպ, երբեք չկրկնվող նորաշունչ գրականության ժամանակ», սակայն այդ հարթությունները հազվադեպ են խաչաձևվում, և գրողի դերը գնալով փոքրանում է քաղաքականության թատրոնում:

 

***

Փետրվարի 11-15-ը Մինսկում տեղի ունեցավ Բելառուսի գրքի միջազգային ցուցահանդես, որին մասնակցեց նաև հայկական տաղավարը 100-ից ավելի գրքերով: Առանձին ցուցափեղկ էր հատկացվել ցեղասպանության թեմային անդրադարձած գրքերին: Ներկայացված էին փաստավավերագրական, պատմական, գեղարվեստական գրքեր հայերեն և այլ լեզուներով: Նաև ներկայացված էին ժամանակակից գրողների տարբեր հրատարակություններ` ալբոմային, գեղարվեստական, մանկական, արվեստագիտական և այլն: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ցուցահանդեսի շրջանակում տարբեր հանդիպումներ ունեցավ Մինսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Գրքերը նվիրվեցին դեսպանությանը, կիրակնօրյա հայկական դպրոցին, տարբեր գրադարանների:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ