Բացվեց Գրական ակումբը

Без-имени-1

Մարտի 7-ին ՀԳՄ շենքում բացվեց գրական ակումբ-սրճարան: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում գրական միություններն ունեն նման գրական ակումբներ, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են գրական կյանքի ակտիվացմանը: Գրական ակումբի բացումը ուղեկցվեց հաճելի արարողությամբ: ՀԳՄ նախագահը 2013 թ. ՀԳՄ ամենամյա և «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակները հանձնեց արձակագիրներ Գրիգոր Ջանիկյանին, Էդուարդ Խաչիկյանին, Հովիկ Վարդումյանին, բանաստեղծներ Գոհար Գալստյանին, Վահան Սևանին, մանկագիր Ռուբեն Մարուխյանին, գրականագետ Զավեն Ավետիսյանին, հրապարակախոս Նանեին: «Յուրաքանչյուր գրող, արվեստագետ, գրականագետ, հրապարակախոս ցանկանում է, որ իր աշխատանքի արդյունքն ինչ-որ տեղ գնահատվի, մանավանդ ՀԳՄ-ի կողմից, ուրեմն` գրական անդաստանը քո աշխատանքը զուր չի համարում»,- ասաց Էդ. Խաչիկյանը և ընթերցեց մի հատված «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» վեպից: Էդ. Միլիտոնյանը, ամփոփելով մրցանակաբաշխությունը, ասաց, որ ամբողջ աշխարհում, տարբեր երկրներում մրցանակները հանձնվում են՝ նշանավորելու գրողի կատարած աշխատանքը, ինչպես նաև ընթերցողների ուշադրությունը սևեռելու հրատարակած գործերի վրա: «Մրցանակը ունի իր գործառույթը, և գրական մրցանակները պիտի ընթերցողներին ուղղորդեն գիրք կարդալու»,- հավելեց նա: Այնուհետև Էդ. Միլիտոնյանը շնորհավորեց բոլոր կին գրողներին, ՀԳՄ աշխատակցուհիներին` կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ, իսկ «Գրական ակումբի» բացմանը ներկա բանաստեղծները կարդացին իրենց ստեղծագործություններից: