Գրականությունը` շղթայական, հաջորդական երևույթ

IMG_0015-300x200

Գրականությունը` շղթայական, հաջորդական երևույթ
Սեպտեմբերի 30-ին ՀԳՄ-ի և Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ ՀԳՄ Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ գրական ցերեկույթ` նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ տարիներ առաջ այգին ավելի քան անխնամ վիճակում էր, և պոեզիայի միջազգային համաժողովի նախօրեին Գրողների միությունը, ՀԳՄ նախագահ Լ. Անանյանի նախաձեռնությամբ, միտք հղացավ ծառեր տնկել, որոնցից ամեն մեկը կկրի համաժողովին մասնակցող բանաստեղծի երկրի անունը: Գաղափարն իրականություն դարձավ, և այժմ, Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ, Պոեզիայի պուրակն ստիպում է, որպեսզի այն ծառայի գրականության նպատակներին: «Ճարտարապետական նորովի տեսք ստանալուց հետո առաջին անգամ Պոեզիայի պուրակում կազմակերպվում է ընթերցում, որին ուզում ենք մասնակից դարձնել երեխաներին, ուսուցիչներին, գրողներին, անցորդներին»,- ասաց ՀԳՄ նախագահը և հավելեց, որ ամեն ամիս Պոեզիայի պուրակում կկազմակերպվի ժամանակակից գրողների և ընթերցասեր հասարակության հանդիպում:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նման միջոցառումներն արդեն դարձել են բարի ավանդույթ: Վստահություն հայտնելով, որ ցերեկույթի ներկաները Ավ. Իսահակյանի գրականության սիրահարներ են, Ա. Սադոյանը մաղթեց հաճելի ունկնդրում:
Հայ գրականության Վարպետի գոհարների իմաստնությունն ու դասերը փոխանցեցին բանաստեղծներ Բագրատ Ալեքյանը, Արևշատ Ավագյանը, Լևոն Բլբուլյանը, Գոհար Գալստյանը, Սամվել Մարգարյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Սուրեն Մուրադյանը, Նանեն, Երվանդ Պետրոսյանը, Լիպարիտ Սարգսյանը, Ղուկաս Սիրունյանը, Անուշ Վարդանյանը:
Վարպետի ստեղծագործություններից կարդացին նաև Ավ. Իսահակյանի, Հովհ. Թումանյանի, Ե. Չարենցի, Վ. Տերյանի, Ա. Մարգարյանի անվան դպրոցների աշակերտները: Ցերեկույթը վարում էր Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակից Շողանե Մելքոնյանը: