«Գրականությամբ ճանաչումը շատ հեռանկարային է»

hrant-alexanyan

Օգոստոսի 6-13-ը ՉԺՀ-ում տեղի ունեցավ Ցինհայ լճի պոեզիայի միջազգային 4-րդ փառատոնը, աշխարհի 40 երկրներից` 60 և Չինաստանը ներկայացնող 155 պոետների մասնակցությամբ: Միակ հայ մասնակիցը Արցախում ապրող և ստեղծագործող Հրանտ Ալեքսանյանն էր` բանաստեղծական տասնյակ ժողովածուների հեղինակ, գրական տարբեր մրցանակների դափնեկիր, «Գեղarm» գրական-թարգմանական հանդեսի խմբագիր:
Ինչպես պարզվեց նրա հետ կայացած զրույցից, չինացիները պատահականորեն չեն ընտրել փառատոնի վայրը. Ցինհայ նահանգը սահմանակից է Մոնղոլիային, չինական պատմագրությունը շատ փաստեր ունի լճի շուրջը ծավալված ճակատագրական ու կարևոր նշանակություն ունեցած իրադարձությունների մասին: Ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա գտնվող լիճը, ինչպես զրուցակիցս նշեց` անչափ նման է մեր Սևանին, բայց ավելի մեծ է ու սառը:
Հրանտ Ալեքսանյան – Փառատոնի ամենանշանակալի միջոցառումները կայացան հենց լճափին գտնվող Պոեզիայի հրապարակում և շարունակվեցին Սինին քաղաքում: Պոեզիայի հրապարակը կառուցվել է հատուկ փառատոնի համար և ուշագրավ է իր արձանաշարով ու հարթաքանդակներով` համաշխարհային ճանաչում ունեցող գրողների և աշխարհի ժողովուրդների էպիկական հերոսների արձաններն են այնտեղ տեղադրված: Հիացմունքով ու հպարտությամբ տեսա Սասունցի Դավթի փառահեղ արձանը` 3մ բարձրությամբ` համապատասխան արձանագրությամբ, չինարեն և անգլերեն:

Նվարդ Ալեքսանյան – Ի՞նչ օրակարգ ուներ փառատոնը:
Հ. Ա. – Փառատոնային օրերը հագեցած էին միջոցառումներով, հանդիպումներով: Յուրաքանչյուր պոետ ներկայանում էր մայրենի լեզվով, ելույթին հետևում էին անգլերեն և չինարեն թարգմանությունները: Մինչ փառատոնի մեկնարկը հրատարակվել էր մասնակից պոետների գործերի շքեղ անթոլոգիան` կենսագրական տվյալներով: (Անթոլոգիան բացվում է Հ. Ալեքսանյանի բանաստեղծություններով – Ն.Ա):

Ն. Ա – Տեղյակ եմ, որ փառատոնին մասնակցեցիք կազմակերպիչների հրավերով:
Հ. Ա – Չին գրողների միությանը այս հարցում օգնում է փառատոնի կազմկոմիտեն` հիմնական գործառույթներն իր վրա վերցնելով: Հետաքրքիր էր, որ չինացիները ձգտել են աշխարհի բոլոր տարածաշրջաններից (ոչ թե երկրներից) ներկայացուցիչ հրավիրել: Կովկասյան տարածաշրջանից (նաև մինչև Թուրքիա, Իրան) միակ ներկայացուցիչը ես էի: Իսկ թե ինչու են հենց ինձ հրավիրել, կարող են պարզաբանել միայն կազմակերպիչները: Մեր տարածաշրջանից այս անգամ նրանք ընտրել էին Հայաստանը, հաջորդ փառատոնին նույն տարածաշրջանից կարող է մասնակցել մեկ այլ պոետ` այլ ազգ և մշակույթ ներկայացնող:
Հետաքրքիր հեղինակային կազմ ուներ փառատոնը` բազմալեզու, բազմա­մշակույթ, շատ ճանաչված պոետներ կային, այդ թվում և` Չինաստանից: Ինչպես պարզվեց չին գրչընկերների հետ զրույցից, այդ երկրի Գրողների միությանն ադամակցումը չափազանց խստացվել է, այժմ ընդամենը 9000 անդամ ունի նրանց գրական կառույցը: 1 350 000 000 բնակչություն ունեցող երկրի համար, իրոք, փոքր թիվ է:

Ն. Ա – Այսօր համատարած գրող-ընթերցող կապի թուլացումը, ընթերցողի` գրքից հեռացումը ի՞նչ արտահայտություն ունի աշխարհի ամենամարդաշատ երկրում:
Հ. Ա. – Չինաստանում, որտեղ քաղաքական որոշակի մոնոպոլիա կա, որտեղ գաղափարախոսությունը շատ կարևոր դեր ունի բոլոր համակարգերում, գեղարվեստական գրականությունը զարմանալիորեն լուրջ նահանջ է արձանագրել ընթերցողական ասպարեզում: Ես հետաքրքրվեցի, թե իրենց մոտ ճանաչված հեղինակների գրքերը ինչ տպաքանակով են լույս տեսնում. չինացիները նշեցին 200-250 հազար թիվը, որը երկրի համար բավական փոքր թիվ է: Նրանք ցավով արձանագրում են, որ իրենց մոտ ևս ընթերցողների կտրուկ անկում է տեղի ունեցել` այն նույն գործոնների հետևանքով, ինչի մասին խոսվում է ողջ աշխարհում:

Ն. Ա. – Հայ-չինական դարավոր կապերի մասին բոլորս գիտենք, յուրաքանչյուր հայ այդ երկիրը կարող է այցելել, այսպես ասած, ոչ անծանոթի տրամադրությամբ: Ինչո՞վ նման և տարբեր էր Չինաստանը` ձեր կանխակալ կարծիքից:
Հ. Ա. – Երկրի հզոր շունչը զգալի էր ամեն քայլափոխի, խոշոր շինարարական օբյեկտներ տեսանք, նորակառույց և շինարարության ընթացքում գտնվող բազմահարկ ավտոմայրուղիներ ու թունելներ: Մենք գտնվում էինք երկրի հյուսիսային` բազմազգ շրջանում, որը Չինաստանի համեմատաբար հետամնաց անկյուններից է, նախալեռնային գոտի, բայց և տեսանք, որ կառավարությունը տվյալ տարածքում հսկայական ներդրումներ է կատարում: Նույնիսկ մի քանի տուն ունեցող փոքրիկ բնակավայրերը միմյանց հետ կապված են բարեկարգ ճանապարհներով: Ասացին, որ Սինինը «փոքր, ընդամենը երկու միլիոնանոց քաղաք է»,- երկրի և բնակչության չափերը տեղացիների մոտ ձևավորել են հետաքրքիր մտածողություն: Հնարավոր չէր ողջ Չինաստանում շրջել, բայց Ցինհայ նահանգում ու Պեկինում ունեցած մեր հանդիպումները օգնեցին ճանաչել այդ երկիրը պոետական անդրադարձով: Հին բուդդայական (հատկապես` տիբեթյան) հոգևոր տաճարներն առինքնող են, նրանց կողքին շատ էին և նորակառույցները, ինչը ընդլայնվող հոգևոր ազատության մասին է վկայում:

Ն. Ա. – Ի՞նչ էիք ձեզ հետ տարել Չինաստան և ի՞նչ կհետևի փառատոնին:
Հ. Ա. – Հուշանվերներ ու հայերեն գրքեր, որոնք նույնպես որպես հուշանվեր կմնան, քանզի չեն կարդացվի: Նման փառատոներին, բնականաբար, պետք է տանել թարգմանական գործեր: Անչափ զգացվում էր անգլերենով լավ կազմված պոեզիայի անթոլոգիաների` դասական և ժամանակակից հայ պոեզիայի նմուշներով գրքերի կարիքը: Մի շարք հեղինակների հետ նախնական պայմանավորվածություններ ունեցանք թե՛ գրական փոխանակությունների, թե՛ հրատարակության առումով: Հուսանք, որ այդ պայմանավորվածությունների գոնե կեսը կիրականանա: Կոնկրետ չինացիների հետ ծրագրել ենք գալիք տարի մեզ մոտ հրատարակել չինական ժամանակակից պոեզիայի անթոլոգիա` 25 հեղինակի ընդգրկմամբ: Նրանք այս գործում շատ պատրաստակամ են: Դրան կհետևի հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիան` չինարեն: Երկու դեպքում էլ թարգմանությունը կկատարվի միջնորդ լեզուներից. ցավոք, այսօր մենք չունենք չինարենին լավ տիրապետող, գեղարվեստական թարգմանություն կատարող հայ մասնագետ: Գուցե սա հիմք հանդիսանա, որ նման մասնագետներ ի հայտ գան: Բանակցում ենք նաև Նոբելյան մրցանակակիր Մո Յանի գրական գործակալի հետ, նրա գործերից հայերեն ներկայացնելու համար…

Ն. Ա. – Հայ խոսքը, բանաստեղծությունը ի՞նչ հնչողություն ունեցավ Չինաստանում, ի՞նչ գիտեն նրանք մեր մասին:
Հ. Ա. – Չինացիների և փառատոնի առանձին մասնակիցների գնահատմամբ` հայերենը գեղեցիկ մեղեդայնությամբ է հնչում: Չին գրող-թարգմանիչներից ոմանք ժամանակին եղել են Երևանում ու պատմում են մեր չքնաղ երկրի մասին: Նրանց խոսքով` Հայաստանը անկրկնելի մշակույթ ունեցող երկիր է, որի մասին շատ բան կուզենային իմանալ: Ընդհանրապես մեր հանդեպ համակրական վերաբերմունքը զգալի էր: Չին և արտասահմանցի գրչընկերներին հաճախ պատմում էի իմ հայրենի Արցախի, մեր այսօրվա քաղաքական ձգտումների մասին, տալիս որոշ պարզաբանումներ: Նրանց արձագանքը սովորաբար միատեսակ էր` այո, ազգի միասնությունն ու ազատությունը վիճարկելի չէ: Ուստի, նման հանդիպումները ևս ազդակ են, որ գոնե գրական դաշտում լինեն սերտ հարաբերություններ, քանզի գրականության, արվեստի միջոցով միմյանց ճանաչելն առավել հեռանկարային է:

Հարցազրույցը վարեց Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ