Գեղեցիկ ու բեղմնավոր ներկայությամբ

slug-40361

Գեղեցիկ ու բեղմնավոր ներկայությամբ
Մարտի 11-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Ռուբեն Մարուխյանի հետ և ներկայացվեց նրա «Ընտրանի» գիրքը:
Բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը Ռ. Մարուխյանին բնութագրեց իբրև դրական մարդու, որի ներկայությամբ ոչ ոք չի կարող սուտ խոսել, հայրենիքին հայհոյել, ընկերոջից բամբասել: «Պատվիրաններն անգիր արած մարդ է, և դա գալիս է այն առաջին օրվանից, երբ ձեռքն է վերցրել գրիչը»,- ասաց նա և հավելեց, որ նրա պիեսներից մեկը ինքը բեմադրել է ռադիոյում, իսկ մյուսը` Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Ռ. Մարուխյանին բնորոշեց իբրև տաղանդավոր գրողի, հրաշալի մանկագրի, անկեղծ ոգորումների մեջ հրաշալի մարդու, մտավորականի: Նրա գրքերը շատ խորը, բոլորի համար պիտանի համարելով` Էդ. Միլիտոնյանը մասնավորապես անդրադարձավ «Չիկարելիի արկածները» գրքին, որը ժամանակին տպագրվել է մեծ տպաքանակով և սպառվել ընթերցողների կողմից: «Իր գործն արել է համեստորեն, գեղեցիկ հավասարա­կշռությամբ, իր խղճի համաձայն, իր մտքի, հոգու չափով»,- ամփոփեց նա:
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը, ով նաև «Ընտրանի» գրքի առաջաբանի հեղինակն է, շեշտելով, որ գիրքը բազում արժանիքներ ունի և գրողի երկար, բեղուն գրական ճանապարհի հանրագումարն է, ասաց. «Գրքի վերնագիրը վկայում է այն խստապահանջ մոտեցման մասին, որ ունի Մարուխյանն իր իսկ գործի հանդեպ: Նրա ընտրությունը խոսում է գրողի գեղարվեստական սկզբունքների և գեղարվեստական ճաշակի, հավատամքի մասին: Իսկ այդ հավատամքը մեր գեղարվեստական, ազգային մտածողության ակունքներից գալով` այսօր նրա գրչի շնորհիվ ստացել է արդիական հնչողություն»: Լ. Մուրադյանի հավաստմամբ` Ռ. Մարուխյանի արձակն ու դրամատուրգիան էլ նույնքան բանաստեղծական են, և դա նրա ստեղծագործական առանձնահատկությունն է:
Արձակագիր, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի կարծիքով` Ռ. Մարուխյանը նախ և առաջ պոետ է իր աշխարհազգացողությամբ, իր արձակով և թատերական գործունեությամբ: Արժևորելով 60-ականներին գրականություն մուտք գործած սերնդի գործունեու­թյունը (Ռ. Մարուխյանի առաջին գիրքը՝ «Երբ ծաղկում են ծառերը», լույս է տեսել 1963 թ.-ին)՝ Դ. Մուրադյանը նշեց, որ այդ սերունդը եկավ նորից բացահայտելու մարդ-անհատի արժեքը: «Մնալով պատանու աչքերով աշխարհին նայող իմաստուն՝ շարունակում ես քո հոգու մանկական պայծառությամբ շուրջդ հավաքել նաև այսօրվա երիտասարդությանը»,- ասաց Դ. Մուրադյանը՝ ներկայացնելով Ռ. Մարուխյանին որպես բազմաշնորհ կերպարի, ով յուրաքանչյուր բնագավառում ասել է իր խոսքը, թողել իր անշփոթելի ստորագրությունը և իր գեղեցիկ ու բեղմնավոր ներկայությունը:
Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի համար Ռ. Մարուխյանը մշտական բացահայտումների մի հրաշալի երևույթ է: Գրողին համարելով հայոց մշակույթի իդեալական մշակ՝ Ռ. Բաբայանն ընդգծեց, որ նա մեծ հետք է թողել հայոց մշակույթի մեջ՝ պահպանելով հայ մարդու բարոյական վերաբերմունքը յուրաքանչյուր երևույթի հանդեպ: Պատմելով, թե Արցախյան ազատամարտի տարիներին ինչպես է Ռ. Մարուխյանն արել հնարավորին ամեն բան, միայն թե թատրոնը չդադարի աշխատել, ասաց. «Կան Մարուխյանի պես մարդիկ, ովքեր ապացուցում են, որ կարելի է գնալ ընդհանուր հոսանքին դեմ: Նա միշտ գնացել է դեպի աղբյուրը իր բոլոր գործողություններում` լինի գրականություն, դրամատուրգիա, ռեժիսուրա թե մանկավարժություն»:
Ելույթ ունեցան նաև գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը, մանկագիր Սուրեն Մուրադյանը: Ռ. Մարուխյանի ստեղծագործությունները ներկայացրին ասմունքող Գայանե Սամվելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, բեմական խոսքի ավագ դասախոս Զարուհի Ներսիսյանը, Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, գրողի թոռնուհին՝ Մարիա Մարուխյանը: Հանդիպումը վարում էր Գայանե Սամվելյանը: