ԲԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ

images

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում անցկացված գեղեցիկ միջոցառում էր Մարո Մարգարյանի 100- ամյակին նվիրված հանդիսությունը, որը կազմակերպվել էր ՀԳՄ-ի, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ:
Ազգային գրադարանի դահլիճում կայացած հանդիսության ժամանակ տարբեր կողմերով անվանի բանաստեղծուհու պոեզիան արժևորեցին Գրողների միության վարչության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ Աելիտա Դոլուխանյանը, Ժենյա Քալանթարյանը, սիրո ու գնահատանքի խոսքեր հնչեցրին, հետաքրքիր հուշեր պատմեցին բանաստեղծ Սուրեն Մուրադյանը, բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը,հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը: Ելույթներն ընդմիջվում էին Գայանե Սամվելյանի գեղեցիկ ասմունքով, ով հրաշալի ընտրանի էր պատրաստել Մարո Մար գարյանի բանաստեղծություններից:
Ներկայացնում ենք Լ. Բլբուլյանի խոսքը;

ԲԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ

Մարո Մարգարյան հրաշալի բանաստեղծուհուն հիշելու առիթներ ես հաճախ եմ ունենում և դա ո՛չ միայն շնորհիվ նրա՝ ինձ շատ հոգեհարազատ, խորունկ ու զուլալ պոեզիայի, այլ ստեղծագործական կյանքիս հենց սկզբում նրա հետ կապված կարևոր մի իրադարձության նաև, որի մասին այսօր չեմ կարող երախտագիտությամբ չհիշել: Բանն այն է, որ շատ տարիներ առաջ (երևի քառասունից ավելի) գրական մեր երևելի ավագներից նա առաջինն էր, որ նկատեց, քաջալերեց դեռ նոր-նոր մի քանի բանաստեղծություն տպագրած երիտասարդ անհայտ հեղինակիս: Եվ դա ինչ-որ առիթով դրսևորված սովորական քաջալերանք չէր պարզապես, այլ՝ գրավո՛ր խոսք ու այն էլ` ժամանակի ամենասիրված ու լայն մասսայականություն վայելող պարբերականում ( հիշեցնեմ, որ ,,Ավանգարդ,, երիտասարդական թերթի տպաքանակն այն ժամանակ անցնում էր 200 հազարից):
Ինչպե՞ս էի արժանացել անվանի բանաստեղծուհու ուշադրությանը: Ուրեմն, խմբագ րությունը վերջին շրջանի իր գրական փոստը տրամադրել էր նրան՝ խնդրելով, որ ծանոթանա, ընտրի-ներկայացնի առավել շնորհալի հեղինակներին, ու ես, ահա, բախտ էի ունեցել տասնյակ հեղինակների միջից նրա ընտրած 5-6 ,,խոստումնալիներից,, մեկը համարվելու: Թերթի այդ համարը ես մինչև օրս գուրգուրանքով պահում եմ իմ թղթերում, իսկ ժամանակին շատ անգամ եմ պարծենալով ցույց տվել ընկերներիս ու ծանոթ-բարեկամներիս: Ճիշտ է, իմ գործերին ուղեկցող ընդամենը մի քանի տող էր գրել բանաստեղծուհին, փոքրիկ բնութագրություն տվել ու գրական լավ ապագա գուշակել ինձ համար, բայց, կարծում եմ, դժվար չէ պատկերացնել, թե այդքանն էլ, մանավանդ բոլորովին անսպասելի ու նման անվանի գրողի կողմից, ինչ ոգևորություն ու հրճվանք կարող էր պատճառել երիտասարդ ստեղծագործողին: Այո, ես թևաորված էի, լցվել էի հավատով ու վստահությամբ ուժերիս հանդեպ: Մանավանդ որ՝ ծնողներս ևս ինձ հետ հավասար ուրախացել էին /երևի ինձանից էլ ավելի՛/, սկսել իմ գրչափորձերին ավելի լրջորեն վերաբերվել…
Ավանգարդյան այդ հրապարակումն էլ հենց առիթ դարձավ, որ ես համարձակվեմ զանգահարել, ապա նաև՝ այցելել Մարո Մարգարյանին, ծանոթանալ, տևական ժամանակ մոտիկից շփվել-հաղորդակցվել սիրված բանաստեղծուհու հետ: Նա այն ժամանակ 60-ին մոտ էր, արդեն ճերմակահեր: Շատ բարեհամբույր էր ու սիրալիր, տեսքից , շարժ ու ձևից, խոսելու տոնից մեղմութուն, մտերմիկ ու հարազատ մի բան էր տարածվում կարծես: Մեր օրերում ,,աուրա՛,, , ,,կենսադա՛շտ,, են ասում, բայց ես կասեի՝ դա նրա բարության էներգիա՛ն էր պարզապես: Ըստ իս, Մարո Մարգարյանին տիպիկ, խոսուն օրինակներից մեկը կարելի էր համարել այն դեպքերի, երբ ասում են, որ հեղինակը շատ նման է իր ստեղծագործություններն…
Այնպես ստացվեց, որ ես որոշ ժամանակ պարբերաբար նրանց տանն էի լինում ու պիտի ասեմ, որ դա շատ կարևոր, օգտակար մի շրջան էր ինձ համար: Այնտեղ հաճելի առիթ ունեցա նրա տաղանդավոր զավակների՝ շատ հետաքրքիր նկարիչ Աշոտ Բայանդուրի, անզուգական թարգմանչուհի Անահիտ Բայանդուրի հետ ծանոթանալու նաև, որոնցով մայրը անթաքույց հպարտանում էր և, իհարկե, իրավունք ուներ: Միշտ էլ ինձ ջերմությամբ, սիրալիր էր ընդունում, ու առաջին օրվա իմ կաշկանդվածությունից քիչ բան էր մնացել: Ուշադիր ու համբերատար կարդում էր տարածս նոր բանաստեղծությունները, օգտակար խորհուրդներ տալիս, նրբորեն դիտողություններ անում, բայց և պահը բաց չէր թողնում նաև քաջալերելու: Բնական է, իհարկե, որ այդ ընթացքում ես՝ գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտս, եթե անգամ չուզենայի էլ, գրական շատ օգտակար դասեր էի քաղում միանգամայն ինքնօրինակ, իր սերնդակիցներից ոչ մեկին չնմանվող բանաստեղծուհուց: Պիտի խոստովանեմ նաև, որ իմ այդ այցելությունները, նրա հետ զրույցները առիթ դարձան, նպաստեցին, որ ավելի ուշադիր, այսպես ասած, ստեղծագործաբար կարդամ-ընկալեմ Մարո Մարգարյանի՝ հիմնականում փոքրիկ, բայց այնքա՜ն տարողունակ ու տպավորիչ, ասելիքով հարուստ բանաստեղծությունները: Ես սկսեցի անկեղծորեն հիանալ նրա տողերի խորունկ պարզությամբ, զարմանալի պատկերավորությամբ, մեղմ ու մտերմիկ շնչով, աստիճանաբար ճանաչեցի, ինձ համար հայտնաբերեցի սիրո, բարության կենարար լիցքերով, բնության ու կյանքի գեղեցկություններով հարուստ նրա աշխարը:
Ես շատ ուրախ եմ, որ իմ կյանքում առիթ ու հնարավորություն է եղել ճանաչելու, մոտիկից շփվելու հետաքրքիր ու հաճելի այդպիսի մարդու ու հրաշալի բանաստեղծի հետ, անգամ նրա բարյացակամությանն ու գնահատանքին արժանանալ: Ի դեպ, երբ մեր այդ ծանոթությունից շուրջ տասը տարի անց ես արդեն գրողների միության շարքերն էի ընդունվում, ինձ երաշխավորագիր տվող երեք գրողներից մեկը նա՛ էր, իսկ հետո՝ առաջինը շնորհավորողներից մեկը նաև…
Մեծ գրողներից մեկը, կարծեմ Ոլտերը, ասել է, թե պոեզիան հոգու երաժշտությունն է: Ըստ իս, վստահ կարող ենք ասել, որ դա լիուլի վերաբերո՛ւմ է Մարո Մարգարանի պոեզիային: Իսկ այն, որ բանաստեղծությունը նաև բառերի նկարչություն է, առավե՛լ ևս: Ահա ինչու գողտրիկ, պարզ ու զուլալ, այնքա՜ն մտերմաշունչ նրա բանաստեղծու թյուններից շատ տողեր սիրվել, շուրթից շուրթ տարածվել, գրեթե թևավոր խոսքեր են դարձել: Օրինակ՝ ,,Բոլորն ուզում են աշխարհը ուղղել/ Ո՛չ ոք չի ուզում սկսել իրենից,,: Կամ ՝ ,,Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է/ Նշանակում է՝ ցրտեր են եղել,,: Իսկ մի բանաստեղծության մեջ կոչ է անում( բայց դարձյալ իրեն հատուկ քնարական, մեղմ ու մտերմիկ տոնով)
Մութը ճաքել է մի ճառագայթով,
Ու խլացել են ինչ-որ հին ցավեր,
Ու վերացել են դրժում ու դավեր,
Ու՞ր եք, հավաքվե՛ք, աշխարհի լավեր,
Հոգինե՛ր անգին, ջերմ ու սրտակեզ…
Այս տողերը չեն հնանում: Վստահ եմ, որ չի՛ հնանա նրա բարի, մեղմաշշուկ պոետական խոսքն ընդհանրապես, որը, վերջին հաշվով , հենց ,,աշխարհի լավերին,, միավորելու կոչ է, մեղավոր այս աշխարհը հնարավորինս շտկելու ազնիվ մղում ու ցանկություն:
Ի՜նչ լավ է, որ առիթ ներկայացավ այս ամենը վերհիշելու, ամենայն սիրով ու գնահատանքով խոնարհվելու բանաստեղծուհու պայծառ հիշատակի, պոետական անկորնչելի վաստակի առաջ, որ դեռ շատ երկար են ուղեկցելու իսկակա՛ն, հոգեխոս պոեզիայի սիրահարներին:
ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ