Բացվեց «Բանավեճի ակումբը»

Գրողների-միություն1

Մարտի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում բացվեց ՀԳՄ «Բանավեճի ակումբը»: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ ակումբը բացվում է գրականության հասունացած խնդիրների շուրջ շահագրգիռ քննարկումներ կազմակերպելու նպատակով: ՀԳՄ վարչության քարտուղար Պ. Դեմիրճյանը դրական գնահատեց տարբեր ակումբների բացումը, եթե դրանք ինչ-որ չափով նպաստում են գրողների՝ իրար հետ շփումներ ունենալուն, նպաստում են գրական կյանքի աշխուժացմանը: «Բանավեճի ակումբ» ստեղծելու մտահղացումը, ըստ Պ. Դեմիրճյանի, տարբեր տեղերում և տարբեր ձևաչափերով կազմակերպվող շոու-բանավեճերն են, որոնց հետևանքով շատ անգամ թյուր և թերի կարծիք է ձևավորվում գրողների և գրականության շուրջ: Մինչդեռ «Բանավեճի ակումբի» գլխավոր նպատակը գրական կյանքի աշխուժացումն է և հանրայնացումը, որպեսզի ճիշտ պատկերացում տրվի գրողների և գրականության վերաբերյալ: «Բանավեճի ակումբը պետք է լինի այն առաջին օղակը, որտեղ արտահայտված տեսակետները, կարծիքները պետք է գնան դեպի տպագիր և էլեկտրոնային մամուլ, կարող են հրապարակվել «Գրական թերթում» և «ԳԹ» կայքում, Գրողների միության կայքում` ավելի լայն լսարան ապահովելով»,- ասաց նա: Այնուհետև քննարկվեցին այն թեմաներն ու խնդիրները, որոնք բանավեճի տեղիք են տալիս այսօր` գրական հերոսի կապը ժամանակի հետ, վերարժևորումներ (գրականության պատմության ընդհատված էջերը), Հայաստան-Սփյուռք գրական միասնական դաշտի ըմբռնումը, գնահատման չափանիշներ, գիրք և էլեկտրոնային գրականություն, գրականությունը դասագրքերում և այլն: Արձակագիր Դավիթ Մուրադյանը, դրական գնահատելով ակումբի ստեղծման նախաձեռնությունը, նշեց, որ այն կարող է աշխուժացնել ինտելեկտուալ մթնոլորտը, տեղիք տալ մտքերի, տեսակետների շահեկան փոխանակության: «Ունենք գրական պրոցես և հասարակական կյանք, այս երկուսը իրար հանդիպեցնելու և դրանց հարաբերությունները քննելու խնդիրը կա»,- ընդգծեց նա: Իրենց կարծիքներն ու առաջարկությունները հայտնեցին նաև Արմեն Ավանեսյանը, Անուշ Վարդանյանը, Սուրեն Աբրահամյանը, Արևշատ Ավագյանը, Վառլեն Ալեքսանյանը, Շանթ Մկրտչյանը, Ալիս Հովհաննիսյանը և ուրիշներ: