«Բանաստեղծություններ գրելու և բանաստեղծորեն ապրելու…»

Վահե-Արմեն-1

ԳԹ -ի հարցազրույցը բանաստեղծ ՎԱՀԵ ԱՐՄԵՆԻ հետ

Հ. Խ. – Պարոն Արմեն, ծանոթ եք ինչպես հայ, այնպես էլ իրանական գրականությանը, ընդհանուր լայն շտրիխներով ինչպե՞ս կբնութագրեիք նրանց տարբերությունը:
Վ. Ա. – Հետաքրքիր հարց է: Գիտեք, այն առումով եմ ասում հետաքրքիր, որ լսելով Ձեր հարցը` մի պահ մտքովս անցավ, որ գուցե այս տարբերությունները, որոնց մասին խոսում ենք, իրականում հենց հայ և իրանական գրականության նմանություններն են, որոնք մեզ թվում են տարբերություններ…
Հայաստանում ապրող բանաստեղծը խոսում է ի՛ր ցավերի մասին, Իրանում ապրող բանաստեղծը՝ ի՛ր ցավերի. Հայաստանում ապրող բանաստեղծը լռում է ի՛ր երազանքների մասին, իսկ Իրանում ապրող բանաստեղծը՝ ի՛ր երազանքների… Հայաստանում ապրող բանաստեղծը հիշում է իր և ի՛ր ընկերոջ անցյալի մասին, Իրանում ապրող բանաստեղծը՝ իր և ի՛ր ընկերոջ անցյալի մասին, Հայաստանում ապրող բանաստեղծը մտածում է իր և ի՛ր թշնամու գալիքի մասին, իսկ Իրանում ապրող բանաստեղծը՝ իր և ի՛ր թշնամու գալիքի մասին…
Իսկ այդ հարցին, թե որոնք են այդ համընդհանուր ցավերն ու երազանքները և անցյալի հիշողություններն ու գալիքի պատահարները, ո՛չ ես պիտի պատասխանեմ՝ որևէ հարցազրույցի ընթացքին, ո՛չ էլ ուրիշ հայ ու իրանցի կամ այլերկրացի բանաստեղծ. մենք յուրաքանչյուրս դրանց մասին գրել ենք արդեն և գրում ենք մեր պոեզիայում. կարդանք՝ կիմանա՛նք:

Հ. Խ. – Պարոն Արմեն, խոսեք Ձեր պոեզիայի ակունքներից:
Վ. Ա. – Երբեմն Իրանի որոշ լրագրողներ ինձ հարց են տալիս. «Ձեր պոեզիայի ակունքները միայն հայկակա՞ն են, թե՞ կան նաև իրանական ակունքներ»: Նրանց պատասխանում եմ՝ եթե ամբողջությամբ և ուշադիր կարդացած լինեիք իմ պոեզիան, երևի այս հարցը չէիք տա, որովհետև իմ պոեզիայում առկա են ո՛չ միայն հայկական ու պարսկական, այլև շատ ուրիշ միջավայրերի ակունքներ. ասենք՝ մի երկրի, քաղաքի, փողոցի, կամ նույնիսկ մի տա՛ն, որ գուցե ո՛չ եղել եմ այնտեղում, ո՛չ էլ այն տեսել, բայց ԱՊՐԵ՛Լ ԵՄ այդ երկրում, քաղաքում, փողոցում և տա՛նը՝ նախ Հայ ու Պարսիկ կամ այլերկրացի արվեստագետների, հատկապես գրողների, երաժիշտների ու նկարիչների ինձ հուզող ստեղծագործություններում, իսկ հետո վերապրել՝ հենց իմ պոեզիայի տողերում: Այնուամենայնիվ, կա մի պարզ, բայց խիստ կարևոր իրականություն, այն, որ երբ ես ծնվել ու մեծացել եմ հայ ընտանիքում, երբ կյանքիս առաջին թոթովանքները եղել են հայերեն, երբ Սփյուռքի բոլոր դժվար ու երբեմն դաժան պայմաններում, համենայնդեպս, դաստիարակվել եմ հայկակա՛ն ոգով, ու երբ մանկության օրերից սկսած հայրենիք լսելիս հոգուս, մտքիս և սրտիս մեջ Հայաստանն է պատկերվել, ուրեմն պոեզիայիս հիմնական և սուրբ ակունքն էլ հենց Հայաստանն է:

Հ. Խ. – Իրանում այսօր ի՞նչ հետաքրքիր անուններ կան գրականության մեջ:
Վ. Ա. – Իրանի գրականության մեջ, ինչպես Հայաստանի, հետաքրքիր անուններ շատ կան: Բայց, ցավոք, նրանց ձայնն այսօր, կամ գուցե ավելի ճիշտ լինի ասել՝ այսօրվա պայմաններում չի՛ հասնում աշխարհի ականջին… Երբեմն զարմանում եմ, երբ այսինչ կամ այնինչ երկրի գրական թերթերում հանդիպում եմ Իրանի անարժեք ու աննշան այնպիսի «գրողների» կամ «բանաստեղծների» անունների, որոնք շատ պարզ է, թե ինչպես և ինչ պատճառներով են հայտնվել այդ թերթերի էջերում…
Ինչևէ, հարցազրույցներում անուններ տալ չեմ սիրում, հատկապես երբ խոսքը վերաբերում է ժամանակակից և ապրող արվեստագետին: Գիտեմ՝ ծանոթ եք արվեստագետների, հատկապես բանաստեղծների բնավորությանն ու խառնվածքին, որի թուլությունը երբեմն թունավորում է արվեստագետի մեծությունն ու վեհությունը: Այնուամենայնիվ, կնշեմ անուններ, որոնց ստեղծագործությունները ավելի եմ սիրում և նրանց ավելի եմ համակրում, քան մյուս լավերին. արձակագիրներից՝ Մահմուդ Դովլաթաբադի (Mahmood Dowlatabadi) և ֆրանսաբնակ Տիկին Գոլի Թարաղղի (Goli Tarraghi), և բանաստեղծներից՝ Շամս Լանգերուդի (Shams Langeroodi) և ամերիկաբնակ Աբբաս Սաֆֆարի (Abbas Saffari): Իսկ ավելի երիտասարդ սերնդից շատ եմ հավանում բանաստեղծուհի Սառա Մոհամմադի Արդեհալի-ի (Sara Moammadi Ardehali) պոեզիան:
Իսկ թե ինչո՞ւ այդ հետաքրքիր անունների ձայնը աշխարհի ականջին չի հասնում, շատ պարզ է: Երբ տանը երեխայի ձայնը մի քանի հասկանալի և հազար ու մի անհասկանալի պատճառներով չի հասնում ծնողների ականջին, պարզ է, որ աշխարհն էլ չի լսի այդ երեխայի ձայնը: Սարսափելի է, երբ ծնողները չեն լսում կամ չե՛ն ցանկանում լսել իրենց սեփական զավակի ձայնը…
Չեմ կասկածում, որ եթե Հայաստանում, Իրանում և մեզ նման ուրիշ երկրներում ապրող արվեստագետներն ունենային կենցաղային ու ստեղծագործական ա՛յն պայմանները, որոնց ներքո ապրում ու ստեղծագործում են Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ նույնիսկ Արևելյան Ասիայի ու լատինամերիկյան որոշ երկրների արվեստագետները, այսօր մեզանից շատերը պիտի հայտնվեին ու փայլեին միջազգային արվեստի բարձունքներում:

Հ. Խ. – Թարգմանել եք հայ ժամանակակից բանաստեղծներին, և որքան ինձ հայտնի է, առավել հաճախ Ձեր ընտրությամբ ու Ձեր նախասիրություններից ելնելով: Թարգմանչի ու բանաստեղծի Ձեր հայացքով ինչպիսի՞ն է հայ ժամանակակից պոեզիան:
Վ. Ա. – Հայ ժամանակակից պոեզիան ՀԱՅԿԱԿԱ՛Ն է:
Կարծում եմ, բոլոր անխուսափելի փոփոխություններով ու վերափոխություններով հանդերձ, որ ժամանակակից հայ բանաստեղծները մտցրել են մեր պոեզիայում և ընդհանրապես մեր գրականության մեջ, մեր պոեզիան մնացել է ՀԱՅԿԱԿԱՆ, և կարծում եմ՝ ճիշտն ու լավն ու հաճելին էլ հենց դա է: Երբ որևէ ազգ քանդում և իրենից հեռացնում է իր արմատները, նա այլևս չի կարող ապրել ու գոյատևել: Ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ մեր արվեստագետները, մեր երիտասարդ բանաստեղծները գիտակցում են, որ նորարարության բարձունքներին հասնելու համար մեզ նախ ամուր արմատներ են պետք:

Հ. Խ. – Վերջերս Ձեր թարգմանությամբ պարսկերեն լույս տեսավ Հովհաննես Գրիգորյանի՝ արդեն երկրորդ ժողովածուն: Ձեր վերաբերմունքը նրա պոեզիայի հանդեպ: Ինչպե՞ս են այդ երկու գրքերն ընդունվել պարսիկ ընթերցողի կողմից:
Վ. Ա. – Ինչպես որ ինքներդ ասացիք, թարգմանում եմ իմ ընտրությամբ ու իմ նախասիրություններից ելնելով. այդ դեպքում, մի՛ կասկածեք, որ թարգմանում եմ ա՛յն բանաստեղծների ստեղծագործությունները, որոնց պոեզիայի հանդեպ մեծ հետաքրքրություն, սեր և համակրանք ունենալուց բացի, ունեմ նաև նրա պոեզիան Իրանի գրասեր ժողովրդին ներկայացնելու պարտականության զգացում: Իհարկե, լավագույն և ցանկալի աշխատանքը խանգարող դժվարություններ ու արգելքներ շատ կան, որոնցից ամենաանտանելին գրաքննությունն ու գրաքննության արգելքների մասին մտածելն է, որի պատճառով երբեմն այս կամ այն բանաստեղծի լավագույն գործերը դուրս են մնում կամ ավելի ճիշտ՝ դուրս են դրվում գրքից:
Ինչպես նշեցիք, Հովհաննես Գրիգորյանից թարգմանել եմ երկու ժողովածու՝ առաջինը «Բոլորովին ուրիշ աշուն» խորագրով, որը պարունակում էր նրա նույնանուն գրքի բանաստեղծությունների մեծամասնությունը, նաև բանաստեղծություններ՝ նրա այլ գրքերից: Իսկ երկրորդը «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ»-ն էր, որը Գրիգորյանի «Երբեք չմեռնես» ժողովածուի թարգմանությունն էր:
Գիտեք, Գրիգորյանը դեռ պատանեկությանս օրերից իմ ամենասիրելի պոետն էր, մեր պոեզիայի աստվածն էր ինձ համար: Գուցե զարմանալի թվա, բայց ես Չարենցից, Սևակից, Սահյանից ու շատ ուրիշներից առաջ՝ ծանոթացել եմ Հովհաննես Գրիգորյանի հետ, և այնպե՛ս եմ սիրել Նրան, ինչպես միշտ սիրել ու սիրում եմ Թումանյանի՛ն: Շատ եմ ափսոսում, որ այն օրերին, երբ թարգմանում էի Հովհաննեսի բանաստեղծությունները և այդ պատրվակով տեղի-անտեղի զանգահարում և խոսում էի իր հետ, երբեք չասացի, թե որքա՜ն եմ սիրում իրեն: Բայց կարծում եմ ինքը գլխի էր ընկնում. հա՜, վստա՛հ եմ, որ գլխի էր ընկնում. չէ՞ որ Նա ինձ նվիրեց կյանքիս ամենաթանկ պարգևը՝ ասելով. «Իմ բանաստեղծությունները կա՛մ Վահե Արմենը կթարգմանի պարսկերենի, կա՛մ ընդհանրապես չեք թարգմանի»: Եվ այսօր շատ ուրախ եմ, որ Գրիգորյանի պարսկերեն թարգմանված երկու ժողովածուներն էլ լայն ընդունելություն են գտել Իրանի գրական շրջաններում: Նրա մահվան գույժը հաղորդեցին Իրանի լրատվական աղբյուրներն ու Թեհրանում լույս տեսնող օրաթերթերից շատերը: Իսկ Ֆեյսբուքի պարսիկ ընկերներս այդ օրերին մեծ ցավով ու ափսոսանքով էին խոսում Հովհաննեսի ու նրա բանաստեղծությունների մասին և ինձ վշտակցում էին՝ ասելով «ՄԵՐ ՊՈԵՏԸ ԵՐԲԵ՛Ք ՉԻ ՄԵՌՆԻ»:

Հ. Խ. – Կյանքի և պոեզիայի հարաբերությունը իրանական պոեզիայում:
Վ. Ա. – Ինձ թվում է՝ աշխարհում չկա ավելի սերտ և սուրբ հարաբերություն, քան կյանքի և պոեզիայի հարաբերությունն է: Դա գոնե արվեստագետ և բանաստե՛ղծ մարդու համար այդպիսին է: Բանաստեղծը, լինի հայ, ֆրանսիացի, արգենտինացի կամ պարսիկ, չի՛ տարբերում, նրա համար առանց կյանքի պոեզիա գոյություն չունի, և առանց պոեզիայի՝ կյանք:
Կուզենայի Ձեր այս հարցի պատասխանին մի բան էլ ավելացնել՝ չմոռանանք, որ Իրանը իր դասական պոեզիայով կանգնած է աշխարհի դասական պոեզիայի ամենաբարձր և ամենաշքեղ գագաթներին: Գուցե հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր իրանցի ընտանիքում՝ արքայազնի պալատից մինչև չքավոր ընտանիքների տներում, կտեսնեք Մոլավիի, Հաֆեզի, Խայամի, Ֆիրդուսիի, Աթթարի և շատ ուրիշների գրքերը, և այդ տան անդամների մեջ կգտնեք գոնե մեկին, որ այդ մեծերի գազելներն ու քառյակներն անգիր կարտասանի ձեզ համար: Սա ասացի միայն այն նպատակով, որ իմանաք՝ Իրանում կյանքի և պոեզիայի հարաբերությունը չի սահմանափակվում գրական շրջանակներով և այդ շրջաններում ապրող պոետներով ու գրասերներով:

Հ. Խ. – Լռության և խոսքի հարաբերությունը Ձեր պոեզիայում:
Վ. Ա. – Ընդհանրապես, շատախոս ու գլուխ տանող մարդ չեմ: Կյանքում էլ այդպիսիներին հանդիպելիս ակամայից զայրանում եմ ու կատաղում, իսկ եթե հանկարծ հանդիպում եմ շատախոս բանաստեղծների կամ կարդում նրանց երկարաբանությունները, զայրույթս տեղի է տալիս սրտխառնուքի:
Միշտ հավատացած եմ եղել, որ ա՛յն բանաստեղծն է հզոր, ով իր կարճ, երբեմն ծածուկ ու երբեմն էլ չասված խոսքով՝ ընթերցողին ստիպում է երկար մտածել, այն բանաստեղծը, ով կարողանում է անսթափ վիճակում գրել այնպիսի երգ, այնպիսի բանաստեղծություն, որ կարդալիս սթափ ընթերցողի մեջ ինչ-որ բան է փլվում, և միաժամանակ, նրա հոգին վերանում է, վեհանում և գեղեցկանում:

Հ. Խ. – Ի՞նչ ծրագրեր ունեք:
Վ. Ա. – Պարսկերենով գրված բանաստեղծություններիս վերջին՝ չորրորդ ժողովածուն, «Սիրում եմ երբեմն բանաստեղծ չլինել» խորագրով, որն իրականում ինքնակենսագրություն էր, և այն գրել էի բոլորովին նոր ոճով՝ բանաստեղծությունն ու արձակն իրար հյուսելով, շուրջ 7 ամիս առաջին տպագրությունից հետո, երկու շաբաթ առաջ վերահրատարակվեց:
Իսկ բանաստեղծություններիս հինգերորդ ժողովածուն արդեն հանձնել եմ հրատարակչին և կարծում եմ՝ իրանական Նովրուզ (Nowrooz) տոնի արձակուրդներից հետո լույս կտեսնի:
Դրանից բացի, ամեն օր գրում եմ, երբեմն էլ՝ պատռում գրածներս: Ինձ համար բանաստեղծություններ գրելու և բանաստեղծորեն ապրելու ժամերից ավելի հաճելի ու երանելի ժամանակ գոյություն չունի: Կյանքը, ասել է Տերյանը, նշանակում է ստեղծագործություն. ուր չկա ստեղծագործություն, չկա և կյանք:

Զրուցեց Հասմիկ ԽԵՉԻԿՅԱՆԸ