ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

hermine-xaxaxutyun

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Աշխարհի տարբեր երկրներում բանաստեղծները պայքարում են հանուն խաղաղության, ընդդեմ պատերազմի՝ կազմակերպելով ընթերցումներ և մասնակցելով տարբեր միջոցառումների:
Հոկտեմբերի 14-ին ՀԳՄ հարակից Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ ընթերցում՝ «Բանաստեղծներն հանուն խաղաղության՝ ընդդեմ պատերազմի», որին մասնակցում էին երիտասարդ հայ բանաստեղծներ, ինչպես նաև Ռեգինա Հիլբերը Ավստրիայից, Սյուզան Մորոուն Ֆրանսիայից և ֆրանսահայ Աշոտ Փափազյանը: Ռեգինա Հիլբերը հինգ գրքերի հեղինակ է: Նա գրում է պոեզիա, բանաստեղծական արձակ և էսսեներ: Արժանացել է մի շարք կրթաթոշակների, մասնակցել է միջազգային ծրագրերի ու փառատոնների Իտալիայում, Գերմանիայում, Սլովակիայում, Սլովենիայում, ինչպես նաև Հայաստանում՝ «Գրական տապան»-ին:
Իրենց ստեղծագործությունները և թարգմանությունները խաղաղության ու պատերազմի թեմաներով ընթերցեցին սիրիահայ բանաստեղծներ Տիգրան Գաբոյեանը, Հարութ Վարդանյանը, ինչպես նաև Հուսիկ Արան, Վահե Արսենը, Գոհար Գալստյանը, Անի Տեր-Գուլանյանը, Ելենա Շուվաևան, Քրիստինե Հովսեփյանը, Մանե Գրիգորյանը, Ռուզան Պետրոսյանը, Մարիամ Մարտիրոսյանը և Հերմինե Նավասարդյանը: Պոեզիայի ընթերցումը զուգակցվում էր Աշոտ Փափազյանի կիթառի հոգեպարար երաժշտությամբ՝ խաղաղություն սփռելով Պոեզիայի պուրակում:
Ընթերցումը կայացավ ՀԳՄ նախաձեռնությամբ՝ ի համերաշխություն բանաստեղծների համաշխարհային շարժման:
Հաշվի առնելով աշխարհի տնտեսական, քաղաքական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի լրջությունը, որը ագահության և խավարամտության պատճառով վտանգի է ենթարկում կյանքը երկրագնդի վրա՝ մղելով բարբարոսության ու ոչնչացման, և այն, որ մշակույթը նպաստում է քաղաքակրթության զարգացմանը մարդկության պատմության ընթացքում -, բանաստեղծների համաշխարհային շարժումը պարբերաբար դիմելով աշխարհի բոլոր բանաստեղծներին, գրողներին և արվեստագետներին՝ կոչ է անում միանալ հանուն խաղաղության պայքարին: Այն ուղղված է բոլոր մարդկանց՝ անկախ հնարավոր ռասայական, մշակութային, քաղաքական, փիլիսոփայական ու կրոնական նախասիրություններից, ում համար մահից, բռնությունից, կողոպուտից , անհավասարությունից ու անարդարությունից վեր՝ կյանքի բարձրագույն արժեքներն են:

Բանաստեղծներն հանուն խաղաղության՝ ընդդեմ պատերազմի

https://www.facebook.com/events/1865155777041572/?active_tab=about