ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԳԻՐՔԸ

Isahakyan

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԳԻՐՔԸ
Հունիսի 11-ին Շիրակում, Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանում, տեղի ունեցավ մեծ Վարպետի «Ուստա Կարո» գրքի շնորհանդեսը: Գրքի գլխավոր խմբագիր, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանն իր ելույթում հակիրճ անդրադարձավ վե պի բովանդակությանը, ստեղծման պատմությանն ու խմբագրական աշխատանքներին, կարևորեց մեր ժամանակներում գրքի հրատարակման անհրաժեշտությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց բանաստեղծի հանճարեղ վեպի արդիականության, գրական ու հասարակական արժեքի մասին, հավաստելով, որ «Ուստա Կարո» վեպը հայի ինքնատիպ ոգու պատկերն է, իրականությունը գեղարվեստորեն արտացոլող հայելի:
Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկ յանը, գրքի գլխավոր խմբագրի տեղակալ Անահիտ Վարդանյանը, Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Մնացականյանը, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, «Շիրակ» թերթի խմբագիր, բանաստեղծ Սամվել Մարգարյանը և այլք:
Գրքի տպագրական ծախսերը հոգացել է Գյումրու քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ով իր խոսքում նշեց այսօրինակ գրքերի տպագրությանն աջակցելու պատրաստակամությունը:
Շնորհանդեսից հետո ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպում-խորհրդակցություն ունեցավ շիրակցի գրողների հետ: Նախ՝ շնորհավորեց ՀԳՄ նորընծա անդամներին՝ Լուսինե Աղաջանյանին, Հակոբ Մուշին ու Արա Գևորգյանին՝ մաղթելով ստեղծագործական բեղունություն և գրական գործին ակտիվ մասնակցություն: Նա կարևորեց հասարակական կյանքում գրողների դերի բարձրացման, նրանց նոր գրքերի տպագրման, մրցանակաբաշխությանը մասնակցելու խնդիրները: Նշեց նաև, որ շիրակցի գրողները, այդ թվում՝ երիտասարդները, արդեն իսկ ներառված են ՀԳՄ բոլոր ծրագրերում. լինի պետական աջակցությամբ գրքերի տպագրություն, թարգմանական անթոլոգիաներ թե գրական համաժողովներ:
Անդրանիկ Կարապետյանը ներկայացրեց Շիրակի գրական կազմակերպության հիմնախնդիրները, հատկապես՝ գրողների տուն կամ առանձին գրասենյակ ունենալու անհրաժեշտությունը՝ գրական-ստեղծագործական աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու համար: Առաջարկվեց հնարավորության դեպքում օգնել լուծելու բանաստեղծուհի Հրանուշի բնակարանային պայմանների բարելավման հարցը: Սամվել Մարգարյանը և Արա Արթյանը ևս հանդես եկան շիրակցի գրողներին հուզող խնդիրների հնարավոր լուծում-առաջարկներով:
Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ