ԱՊՐԵԼՈՎ ԹՌԻՉՔԸ

foto

Հուլիսի 8-15-ը Ռումինիայում կայացած պոեզիայի միջազգային փառատոնում Հայաստանը ներկայացնում էին բանաստեղծներ Լևոն Բլբուլյանը, Հերմինե Նավասարդյանը և Տիգրան Գաբոյեանը: Բուխարեստից վերադարձի ճանապարհին մեր պատվիրակները մի քանի օրով կանգ էին առել նաև Մոսկվայում

 

ԱՊՐԵԼՈՎ ԹՌԻՉՔԸ

Երբ թռիչքի հնարավորություն է տրվում, մնում է միայն բացել թևերդ և զգալ երկինքը: Այդպիսի հնարավորություն են պոեզիայի փառատոնները: Երբեմն թվում է՝ բանաստեղծների նույն երամն է երկրից – երկիր թռչում, որովհետև նույն մարդկանց կարող ես հանդիպել Հայաստանում, Գերմանիայում, Իտալիայում… Այս անգամ հանդիպման վայրը Ռումինիան էր. մի երկիր, որ թեև կրում է խորհրդային տարիների կնիքը, սակայն իր անցյալով ու ներկայով եվրոպական մշակույթի մեջ է:

Մասնակցում էինք «Կուրտեա դե Արճեշի պոեզիայի երեկոներ» միջազգային 19-րդ փառատոնին: Ոչ մեծ խաղաղ քաղաք է Կուրտեա դե Արճեշը, որ ըստ հայկական աղբյուրների՝ հիմնադրել են Վանա լճի ափամերձ Արճեշ քաղաքից գաղթած հայերը 13-րդ դարում և հայրենի քաղաքի անունը տվել իրենց նոր  բնակավայրին ու մոտակա գետին։ Այնուհետև կառուցել են եկեղեցի: Հայկական այս գյուղում ռումինական իշխանները կառուցել են ամրոց, ապա 14-րդ դարի սկզբում՝ պալատ – կուրտեա, որից և բնակավայրի անվանափոխությունը՝ Կուրտեա դե Արճեշ։ Այնուհետև Կուրտեա դե Արճեշում բնակություն են հաստատել նաև ռումինները։ 1330 թվականից այն հիշատակվում է որպես քաղաք, ռումինական երկրի՝ Վալաքիայի կենտրոն:  1332թվականին այնտեղ հիմնվել է կաթոլիկ եպիսկոպոսություն: Քաղաքը ձգվում է երկու եկեղեցիների միջև` եպիսկոպոսական տաճարի և Սբ. Նիկողայոս եկեղեցու: Ըստ ռումինական ժողովրդական ավանդության, տաճարը կառուցել է ճարտարապետ Մեշտեր Մանոլեն՝ վարպետ Մանոլը, որը իր կառուցած շենքը չքանդվելու համար, սիրելի կնոջը պատի մեջ հյուսելու ողբերգությունն է ապրել։ Երբ կառույցն ավարտվել է, հիացած իշխանը չցանկանալով, որ վարպետները նման շենք կառուցեն այլոց համար, հրամայել է սանդուղքներն իջեցնել։ Վարպետները թևեր են առել և փորձել թռչել։Վարպետ Մանոլի ջախջախված տեղում արցունքի աղբյուր է գոյացել, որն այժմ կոչվում է «Մանոլի աղբյուր»։ Ըստ ուսումնասիրողների` այս զրույցն արձագանքն է հայ ճարտարապետ Մանոելի ավանդության։ Մի գողտրիկ վանական համալիր էր այն՝ գեղեցիկ ծաղկաթմբերով, երկնահաս անտառով ու կանաչով լեցուն: Հետաքրքիր մի արարողություն էր Արևելա-արևմտյան միջազգային ակադեմիայի նոր անդամի ընտրությունը տաճարի ամենահին Մանոլի սրահում, այն շնորհվեց լյուքսեմբուրգցի բանաստեղծ Լամբերտ Շլեխտերին: Սբ. Նիկողայոս եկեղեցին ամբողջապես պատված է որմնանկարներով. նրանց մեջ ամենահին ռումինական սրբապատկերներն են, որ իմացության լույս են սփռում թե՛ուղղափառ, կաթոլիկ ու առաքելական եկեղեցիների, թե՛ ռումինական թագավորների պատմության վրա՝ զգուշորեն ամրագրելով ժամանակների հետքը պատերին:

Փառատոնի միջոցառումներն անցկացվում էին այս եկեղեցուն մերձակա քաղաքային թանգարանում ու արվեստի և մշակույթի «Ջորջ Տոպիրսեանու» կենտրոնում: Ծանոթացանք միմյանց լեզուներին, բանաստեղծական աշխարհներին և ռումինական մշակույթին՝ գրականությանը, նկարչությանը, երաժշտությանն ու պարարվեստին: Ասես լեզուների խառնարան լիներ. մասնակցում էին բանաստեղծներ ավելի քան 30 երկրներից. Անգլիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Լեհաստանից, Լյուքսեմբուրգից, Թուրքիայից, Կանադայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Էկվադորից, Պերուից, Իսպանիայից:

Ընթերցումները փառատոնի մասնակիցների ստեղծագործությունների տպագրված ռումիներեն– անգլերեն անթոլոգիայից էին, ինչպես նաև այստեղ շարունակաբար թարգմանվող ու հրատարակվող հեղինակային գրքերից: Կարդում էինք մեր ստեղծագործությունները բնագրով, հնչում էր թարգմանությունը անգլերեն կամ ռումիներեն: Մենք ներկայացրեցինք նաև եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները ՀԳՄ հրատարակած «Հողը կը խօսի» գրքից:

Հուլիսի 12-ին մեկնեցինք Բուխարեստ՝ներկայացնելու գրքի անգլերեն տարբերակը: Սբ. Հրեշտակապետաց եկեղեցում պատարագի հնչյունները մի արտասովոր զգացողություն էին սփռում. աշխարհի ամեն ծայրում սրբավայրեր հիմնելու հայկական սովորույթի… Եկեղեցու պատերի տակ՝ամուր ինչպես սյուներ երկարավուն ու մութ աչքերով հայեր էին կանգնած,  իսկ նրանց նախնիների պատմությունները դրոշմված էին պատերին «աղոթքից մինչև մարգարեություն»: Ասես  «Շշուկների մատյան»-ը էջ առ էջ կենդանանար : Եվ ապա դարերում ամբարված շշուկները բարձրաձայնողը եկավ՝ Վարուժան Ոսկանյանը: Հարազատ օջախի զգացում կար  «Տուտեան» մշակույթի տանը: Ելույթներ ունեցան Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը,  Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ,  Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանը: Մենք ներկայացրեցինք գիրքը, պատմեցինք նրա լույս ընծայման մասին: Եղեռնից 100 տարի անց «ամենուրեք և ոչ մի տեղ գտնվող Հայրենիքի» զավակները՝ ռումինահայ, ամերիկահայ, ֆրանսահայ    ունկնդիր էին արևմտահայ գրականության ընկած սյուներին, փաստելով անմահությունը հոգու խոսքի: Եվ այն, որ թեև օտար հողում, բայց հարազատ հարկի տակ հնչեցնում էինք մեր մեծերի խոսքը, նշանակում էր հարությունը նրանց:

Երկար թռիչքներն ունեն նաև կանգառներ: Ետդարձին մեր կանգառը Մոսկվան էր: Նպատակ ունեինք ռուս ընթերցողին ներկայացնել գրքի ռուսերեն տարբերակը: Հուլիսի 22-ին Գրողների միությունների միջազգային ընկերակցություն դահլիճում կայացավ «Հողը կը խօսի» ռուսերեն գրքի, ինչպես նաև Լևոն Բլբուլյանի թարգմանած ռուս գրողներ Վլադիմիր Բոյարինովի «Կռունկները հեռացան» և Վլադիմիր Սիլկինի «Ռուսական քամի» հայերեն գրքերի շնորհանդեսները: Մասնակցում էին ռուս  գրողներ, ներկայացուցիչներ Ռուսաստանում հայերի միությունից, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից, Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպությունից: Հնչեցին ելույթներ, եղանեղեռնազոհ հայ գրողների և ռուս գրողների ստեղծագործությունների ընթերցումներ հայերեն և ռուսերեն լեզուներով: Ամեն ելույթ տպավորիչ էր յուրովի, բայց հետաքրքրական էր Ալեքսանդր Սավիցկու էքսպրոմտը.

 

Ցրվել են հայերն աշխարհում

Հոգիներում՝ մահը հաղթած:

 

Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան.

Ամենուր կա մշակույթ հայկական:

 

Հուլիսի 23-ին նույն գիրքը ներկայացրեցինք ռուսական ՊԵՆ կենտրոնում: Ներկա էին ՊԵՆ կենտրոնի ղեկավար Եկատերինա Տուրչանինովան, բանաստեղծ ու կինոռեժիսոր Տատյանա Դանիելյանցը, Անդրեյ Տրուբեցկոյը                                                                                                                           և  այլ ռուս գրողներ ու մտավորականններ, ինչպես նաև իտալացի հոգևորական հայր Իոհանը: Երեկոյան հյուրընկալ այդ ակումբում մեր հանդիպումը ռուս գրողների ու մտավորականների հետ իտալացի հոգևորականի ներկայությամբ հոգեհացի էր նման:  Եղան ելույթներ և ընթերցումներ գրքից:  Հայր Իոհանը ներկայացրեց Հայոց եղեռնի մասին գրած իր երկու գրքերը՝ «Շեյխ Ֆայեզ էլ-Հուսեինը հայերի ցեղասպանության մասին. Իսլամն անմասն է նրանց արարքներից» և «Ճիչ Արարատից. Արմին Վեգներն ու հայերի ցեղասպանությունը»: Հայկական մշակույթի նրա իմացությունը ապշեցրեց բոլորիս: Հետո պարզվեց  այդ ամենի ակունքը. նրա հանդիպումը Գարեգին Ա կաթողիկոսի հետ ու  հարցումների հայտնի  «Զրույցներ Ջովաննի Գուայտայի հետ»  գիրքը:

Նաև ռուսական մշակույթին հաղորդակից դառնալու առիթ էր մեր ճամփորդությունը, որի ընթացքում ճանաչեցինք Արբատը, Տրետյակովսկայա պատկերասրահը, Գորկու անվան գրականության ինստիտուտը, Լոմոնոսովի անվան համալսարանը, Դոստոևսկու քարեղեն ներկայությամբ գրադարանը, Մեծ թատրոնը, Ցարիցինոն, ռուսական եկեղեցիների շքեղությունը, Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը:

Ամեն ճամփորդություն ունի հետքերի գիրք՝ տարածությունից ու ժամանակից անդին. ամպերի մեջ ծփացող թռիչքների տեսքով, աշխարհի բոլոր խաղաղ փողոցների աղավնիների քայլքով, տարբեր դավանանքի եկեղեցիների  զանգերի  ղողանջով կամ կապույտ ջրերում  լողացող ճերմակ առագաստանավերով, որի էջերն  այնուհետ շարունակաբար թերթվում են մեր հոգում:

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ