Անուշ Վարդանյանի նոր գիրքը

Անուշ-Վարդանյան-225x300

Անուշ Վարդանյանի  նոր գիրքը

Անուշ Վարդանյան բանաստեղծուհու սիրո սահմանները լայն են. նրանում իրենց առանձին բաժիններն ունեն մարդու արյունակից հարազատները, ոչ արյունակից, սակայն հոգեհարազատ ընկերներն ու բարեկամները, հայրենիքը` ներկա և կորուսյալ, մարդկության պատմական նվաճումների պահպանումը, աշխարհի նշանավոր մարդիկ` անցյալ ու մերօրյա:

Անուշ Վարդանյանը գրում է ազատ ոտանավորով, նրա որոշ բանաստեղծություններում ուժեղանում է ներքին հանգավորումը, սակայն գիրքը գերազանցապես գրողի ասելիքը դրսևորում է ազատ ոտանավորով: Անուշ Վարդանյանի գիրքը ես կանվանեի նեոռեալիզմի մեթոդով գրված: Սովորական, առօրեական ընկալումը, կյանքի իրական մի դրվագը բանաստեղծուհու համար խոհ է դառնում. նա զրուցում է իր ընթերցողի հետ, ավելի շուտ կարիք ունի, որ իրեն լսեն, որովհետև ասելիքը կենսականորեն կարևորվում է:

Սիրո մասին քնարերգությունը շարունակ վերա­ծնվող կյանքի նման շարունակ նորոգվում է, պահպանելով ասելիքի հիմնական իմաստը, որը նույնն է անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը: Սերը մարդուն ոգեշնչում է, իսկ սիրված լինելը ցանկալիից` կյանքի գերագույն պարգևն է:

Բանաստեղծուհու ներաշխարհում հայտնվում են աշխարհի նշանավոր կանայք` միֆական, իրական ու պատմական, սեփական պատկերներով և երբեմն միայն խոսքային նկարագրերով: Այդ կանանցից են Լեոնարդոյի Մոնա Լիզան և Հոմերոսի Պենելոպեն` կնոջ հավերժական նվիրումի խորհրդանիշը, որին բանաստեղծուհին հոգեհարազատորեն է հիշում:

«Ինչու եմ գրում» բանաստեղծությունը մի յուրօրինակ խոստովանություն է, որից իմանում ենք, թե բանաստեղծուհին ստեղծագործելով փառքի չի ձգտում, այլ միայն հագուրդ է տալիս իր անհանգիստ ներքին ձայնին, որովհետև միտքը շարունակ թռչում է Եգիպտոսից Կարթագեն, Բարսելոնայից ճարտարապետ Անտոնիո Գաուդիի «Սագրադա ֆամիլիայից» մինչև Դալիի տուն-թանգարան, Աֆրիկայի Չադ լճից Փարիզի Մոնպառնաս փողոց:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ