Անկրկնելի մարդ, անկրկնելի ընկեր Լևոն Անանյանը

DSCF3666-280x120

Անկրկնելի մարդ, անկրկնելի ընկեր
Լևոն Անանյանը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում, Լևոն Անանյանի անունը կրող Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լ. Անանյանի ծննդյան 69-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ ՀԳՄ-ի և «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախաձեռնությամբ:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը բացման խոսքում նշեց, որ Լ. Անանյանը այն մտավորականներից էր, ովքեր արժևորում են իրենց ծննդավայրը: Ընդգծելով Լ. Անանյանի` հայրենիքի հանդեպ սրտացավ վերաբերմունքը` նա հիշեց 90-ականներին լրագրողների մի խմբով, որի մեջ էր նաև Լ. Անանյանը, Հայաստանով մեկ կատարած շրջագայությունները, որոնք բազմաթիվ հրապարակումների նյութ դարձան: «Այդ ամենի շարժիչ ուժը Լևոն Անանյանն էր»,- ասաց Պ. Դեմիրճյանը: Գնահատելով գրող-հրապարակախոս, գրական-մշակութային գործիչ Լ. Անանյանին որպես ղեկավարի` Պ. Դեմիրճյանը հավաստեց, որ իր մարդկային հատկանիշների շնորհիվ նրա հետ շատ հեշտ ու հնարավոր էր աշխատել, քանի որ նրա հետ աշխատելիս ամեն մեկը կարողանում էր բացահայտել ինքն իրեն: «Այս հողը, որ տվեց Լ. Անանյանի նման անհատականություն, նորից ծաղկելու է նոր ուժով, ծնվելու են նոր անհատներ, որոնք նաև իրենք են հավերժացնելու Լ. Անանյանի հիշատակը»,- ամփոփեց Պ. Դեմիրճյանը:
«Անցած երկու տարիների ընթացքում Լ. Անանյանը միշտ մեզ հետ է եղել: Չկա գրեթե մի օր, որ նրա գրչընկերները, աշխատակիցները չհիշեն նրան»,- ասաց բանաստեղծ Լևոն Բլբուլյանը` գնահատելով Լ. Անանյանի՝ որպես ՀԳՄ նախագահի գործունեությունը:
Ըստ արձակագիր Ալիս Հովհաննիսյանի` Լևոն Անանյանն անկրկնելի մարդ էր, անկրկնելի ընկեր: «Երբ որևէ բան էինք գրում, մի տեսակ հասցեատեր ունեինք` ասես Լևոնը պիտի տեսներ, կարդար: Սա ուրիշ տրամադրություն է ստեղծում, երբ մի բան ես արարում: Լևոնն այդ ոգեշնչողն էր»,- ասաց նա:
Արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, խոսելով Լ. Անանյանի մարդկային նկարագրի մասին, ընդգծեց ՀԳՄ նախագահ եղած ժամանակ մարդկանց սատարելու, բոլորի հանդեպ ուշադիր լինելու, յուրաքանչյուր գրողի ճակատագրով զբաղվելու նրա սրտացավ խառնվածքը: «Միայն մի հոգու` ի՛ր ճակատագրով չզբաղվեց: Ինչպես փայլատակեց, այնպես էլ հեռացավ կյանքից, բայց նրա շողքը, նրա մեծությունը, «շուքը» մնաց Գրողների միությունում»,- եզրափակեց Գր. Ջանիկյանը:
«Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը բնորոշեց Լ. Անանյանին որպես մարդկային բարձր որակներով օժտված մեծության: ««Նոյեմբերյան» հայրենակցական միությունը և Նոյեմբերյան աշխարհը շատ մեծ բան կորցրեց: Երկու տարի անց դա շատ լավ զգում ենք: Գուցե այն ժամանակ նրա արժեքը այնքան էլ չէինք հասկանում: Մեր հոգիներում միշտ վառ կմնա նրա հիշատակը` որպես գրող, հրապարակախոս, Գրողների միության ղեկավար»,- ասաց Հ. Ղազարյանը:
Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին Լևոն Անանյանի բանաստեղծություններից: