ԱՆԿԵՂԾ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ

ԱՆԿԵՂԾ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ

Սեպտեմբերի 10-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Արաքսի (ԱՄՆ) «Աստեղաժամ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Հեղինակը գիրքը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` արդարության հաղթանակի անուրանալի հավատով: Ժողովածուն ամփոփում է բանաստեղծուհու վերջին տասը տարիների լավագույն ստեղծագործությունները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշելով, որ գրքում ամբողջովին ներկայացված է հայ կնոջ հոգեբանությունը, ընդգծեց, որ Սաֆոյի ժամանակներից մինչև մեր օրերը կինը ունի աշխարհը տեսնելու իր հոգեբանության առանձնահատկությունները, որ տարբերվում է տղամարդու հոգեբանությունից: «Արաքսի բանաստեղծությունների մեջ հայկական բնությունն է, Հայաստան աշխարհը որպես ընտանիք ընկալելու կերպն է»,- ասաց նա: Գիրքը հագեցած է հարազատների ու մտերիմ մարդկանց անուններով: Կյանքը միասին ապրելու ուրախությունն է թրթռում տողից տող: «Արաքսի գրվածքները հաստատում են, որ բանաստեղծությունն իր մեջ պիտի ունենա սեր, հարազատություն և անուն՝ որ երկրից ես, ով ես»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ «Աստեղաժամ» ժողովածուն նպատակաուղղված է հայրենիքից հեռու հայեցիության պահպանմանը:
«Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանն ընդգծելով, որ գրքում կան իր սրտի թրթիռը, տառապանքը, մտքերն ու հույզերն արտահայտող բանաստեղծություններ, նշեց, որ «Հայ բանաստեղծները Եղեռնի մասին» ժողովածուի մյուս հատորում կընդգրկվեն նաև Արաքսի` այդ թեմայով գրված գործերից:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը բնորոշեց Արաքս Նավասարդյանին որպես հետաքրքիր ձեռագիր ունեցող բանաստեղծուհու, ով դասական ձևերի մեջ կարողանում է յուրովի ստեղծել զգացմունքների, ապրումների իր աշխարհը: «Անկեղծ երկխոսության մեջ է մտնում ընթերցողի հետ մենախոսության ձևով»,- մասնավորապես ասաց նա:
Ըստ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի` հայրենիքից հեռու ապրողների առաջին պայմանը հայերենը կրելն ու հայերենով ներկայանալն է: Նա կարևորեց այն հանգամանքը, որ Արաքսը ոչ միայն պահում է հայերենը, այլև ծաղկեցնում է, ստեղծագործում և արարում, իսկ դա կրկնակի հերոսություն է:
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանի կարծիքով` բանաստեղծուհին «իր ապրումների սիմվոլն է փնտրում անվերջ, տրադիցիայի մեջ երբեմն պոռթկում է և փորձում է իր արահետն ու ճանապարհը գտնել, չի մնում որևէ մեկի ազդեցության տակ»: Արաքսի բանաստեղծություններից կարդացին Անահիտ Դանիելյանը, Սաթենիկ Ղազարյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Արաքսը: Գիրքը հրատարակել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ