ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ*

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1970թ.

 

Ծնվել է 1939թ. սեպտեմբերի 7-ին, Երևանում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ կանչում», Պետհրատում, եղել է  «Գարուն» ամսագրի  խմբագրության բաժնի վարիչ, «Հայֆիլմում»՝  գլխավոր խմբագիր, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ գրական բաժնի վարիչ, իսկ 1991-95թթ. ՀՀ Գերագույն խորհրդի լրատվության հանձնաժողովում՝ գլխավոր փորձագետ։ 60-80-ական թվականներին Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում բերեցին որպես գրականագետի, հատկապես հայ բանաստեղծներին նվիրված նրա գրքերն ու տասնյակ հոդվածները, որոնք մեծ նշանակություն ունեցան 60-ականներին ասպարեզ իջած բանաստեղծական նոր սերնդի կայացման համար (Սլավիկ Չիլոյան, Հենրիկ Էդոյան, Հովհաննես Գրիգորյան, Արտեմ Հարությունյան, Դավիթ Հովհաննես և ուրիշներ)։ Ա. Թոփչյանը հայտնի է որպես հմուտ և բեղմնավոր թարգմանիչ։ Հիմնադրել է (1999թ.) «Էմիլ Վերհարն» մատենաշարը, որտեղ նրա թարգմանությամբ լույս են տեսել բելգիացի ֆրանսագիր հեղինակների քսան գրքեր և ժողովածուներ։ Ալ. Թոփչյանը 60-ական թվականներից սկսած ուսումնասիրել և հրատարակել է սփյուռքահայ և արևմտահայ հեղինակների բազմաթիվ գրքեր և ժողովածուներ։ Նրա աշխատասիրությամբ (առաջաբան, ծանոթագրություններ, տեքստի պատրաստում) լույս են տեսել Վազգեն Շուշանյանի «Երկիր հիշատակաց» (1966 թ.), Զահրատի «Մեծ քաղաքը» (1978 թ.) Ռուբեն Սևակի «Երկերը» (1985 թ.), Պարույր Սևակի «Աստծո քարտուղարը» (1966 թ., լատվիերեն՝ 1989 թ.), «Հայ բանաստեղծության անթոլոգիա. V դարից մինչև մեր օրերը» (անթոլոգիա, ֆրանսերեն, 1990-2007 թթ.), այլ գրողների ստեղծագործություններ։ 80-ական թվականներից նա հանդես է գալիս որպես դրամատուրգ և արձակագիր։  Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ամերիկայում։ Նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ հայ բազմաթիվ հեղինակներ թարգմանվել և տպագրվել են նախկին խորհրդային հանրապետություններում և եվրոպական մի շարք երկրներում։ Հատկանշական են Լեհաստանում (1983թ.) և Գերմանիայում (1991թ.) լույս տեսած հայ բանաստեղծության ծավալուն անթոլոգիաները։

Հրատարակել է 70-ից ավելի թարգմանական գրքեր,  ժողովածուներ, անթոլոգիաներ՝ հայ ընթերցողին ներկայացնելով Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեյցարիայի ֆրանսագիր դասական և ժամանակակից հեղինակների (Ժ. Պրեվեր, Ժ. Սիմենոն, Վ. Քաչա, Ֆ. դը Լառոշֆուկո, Շ. դը Լակլո, Ֆ. Սագան,  Վ. Գոդել, Ժ. Շեսսե, Ն. Բուվիե, Դ. դը  Ռուժմոն և Ժ. Բ. Բարոնյան և այլն)։

 

ԵՐԿԵՐ

  1. Ժամանակների միջև, Եր., 2014 թ.
  2. Բանկ Օտոման – 2 (ռուսերեն), Մոսկվա, 2012, (ֆրանսերեն), Փարիզ, 2011
  3. Բանկ Օտոման, Եր., 2008։
  4. Եվ անգամ մահից հետո, Եր., 2005։
  5. Կիրկե կղզին (վեպ), Եր., 1996։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ֆրանսերենից)

  1. Դենի դը Ռուժմոն, Մտածել ձեռքերով (քաղաքագիտական և մշակութաբանական էսսե), Եր., 1999։
  2. Դենի դը Ռուժմոն, Եվրոպայի 28 դարերը, Եր., 1996։
  3. Ֆրանսուազ դը Լառոշֆուկո, Մաքսիմներ, Եր., 1978։
  4. Ժակ Պրեվեր, Հեքիաթներ չարաճճի երեխաների համար, Եր., 1972։
  5. Ժակ Պրեվեր, Արյուն և փետուր (բանաստեղծություններ), Եր.,1965։

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

  1. 2010թ. արժանացել է Արվեստների և գրականության սպայի շքանշանի (Officier dans l’ordre des Arts et des Lettres), Ֆրանսիա։
  2. 2009 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
  3. 2006 թ. “Եվ անգամ մահից հետո” վեպի համար արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։
  4. 2004թ. թարգմանական գրականության մեջ ունեցած վաստակի համար արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի “Կանթեղ” մրցանակի։
  5. 1986թ. Ֆրանսիայում արժանացել է Ռուբեն Սևակի անվան մրցանակի։

 

Հասցե՝         Երևան – 37, Ազատության 3/1, բն. 45,

հեռ. բն. 20-66-67, բջջ. 094-25-42-28

01-46-64-53-10, 09-52-87-72-47 Փարիզ

Էլ. փոստ՝ atoptchian@hotmail.com

 

*  Ամբողջականը տե՛ս Վիկիպեդիայում։