ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԽՆԴԻՐԸ

ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԽՆԴԻՐԸ
Մայիսի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում «Բագինի» խմբագիր Հակոբ Պալյանի հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով սփյուռքահայ մտավորական, գրող, «Բագին» ամսագրի խմբագիր Հակոբ Պալյանին, նշեց, որ նա բազմաթիվ գրքերի հեղինակ է` էսսեներ, հոդվածներ, գեղարվեստական նյութեր, որոնցում անվերջ իր ժամանակի հետ է: «Կարծես ժամանակը իր միջով է անցնում, ինքն էլ, բնականաբար, անցնում է ժամանակի միջով, և այդ փոխներթափանցումները ծնում են գրքեր, ուր առաջադրվում են հարցեր և պահանջում պատասխաններ»,- ասաց նա և հավելեց, որ «Մարդը ժամանակի հետ», «Ամերիկա Ամերիկա» և այլ գրքեր դրա հաստատումն են: Ընդգծելով, որ Սփյուռքում նրա խոսքը խիստ է, կտրուկ ու արժանահավատ, Էդ. Միլիտոնյանը ծննդյան 80-ամյակի և գրական գործունեության համար Հ. Պալյանին պարգևատրեց «Գրական վաստակի համար» ՀԳՄ մեդալով: ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը ներկայացրեց Հ. Պալյանի կյանքն ու գործունեությունը և որոշ դիտարկումներ արեց` ելակետ ունենալով այս տարի հրատարակված և նրա ամբողջ գրական-տեսական հայացքները ամփոփող ժողովածուն, որ կոչվում է «Գիրք, բառ, խոսք…»: Նրա հավաստմամբ` այս գրքի հիմնական շեշտադրումը տեղատվության երևույթն է, որը, ըստ Հ. Պալյանի, շարունակվում է նաև այսօր: Հեղինակին մտահոգում են խնդիրները` կապված հայության ճակատագրի, գրող-ընթերցող կապի, օտարագիր գրականության հետ. «Հայագիր գրականությունն է հայ գրականությունը» միտքը արծարծվում է տարբեր հոդվածներում: Բանախոսն ընդգծեց այն լուծումները, որ առաջարկում է հեղինակը` մշակել լեզվամշակութային քաղաքականություն, վերականգնել գրասեր հայ հասարակություն և գրականության ու մամուլի նախկինում հզոր կապը: Ամփոփելով խոսքը` Պ. Դեմիրճյանը կարևորեց նաև այն, որ Հ. Պալյանն իր ուշադրության կենտրոնում է պահում նաև հայաստանյան գրականությունը: Լևոն Մութաֆյանը նշեց. «Չլինելով թատրոնի մարդ՝ նա կարողացել է զարմանալի զգացողությամբ, ընդգծումներով, թափանցումներով ներկայացնել թատերգության մի տեսակ, որը մեզանում չունի հենարան»,- և սփյուռքյան գրական միտքը, գրական ընթացքը պահպանելու շրջանակի մեջ Հ. Պալյանի ջանքերը համարեց քաղաքացիական, ազգային պարտքի յուրատեսակ դրսևորում ու նվիրում: «Հ. Պալյանի բոլոր հրապարակագրություններում առկա է ազգային ոգու խնդիրը, որը նաև վերածվում է լեզվամտածողության, աշխարհայացքի»,- ասաց նա: Ըստ բանաստեղծուհի Մարուշի` ինչ էլ որ գրի Հ. Պալյանը` գեղարվեստական գրականություն, բանաստեղծություն թե հոդված, դրսևորվում է սփյուռքահայ բարձր գիտակցություն ունեցող մտավորականը, ով հանձնառու է մի շարք կարևոր երևույթների: «Պալյանը առանց համարձակությունը կորցնելու հարցադրումներ է ձևակերպում, որոնք իրենց խորքում լուծումների առաջին քայլին են տանում»,- ասաց նա: Բանաստեղծ Սագօ Արյանը, նշելով, որ Հ. Պալյանը ապրել է Հալեպում և այդ մշակույթի մասն է կազմում, անդրադարձավ հալեպահայության հարցին, որը լուրջ փորձաքարի առջև է: «Եթե կյանքը և գրականությունը չեն միախառնվում, եթե խոսքը և գործը իրար հետ համընթաց չեն, ես իմաստ չեմ տեսնում մեր գոյության մեջ»,- ասաց նա և հավելեց. «Այսօր Հայաստանը Սփյուռքի համար որպես հայր, էություն, որպես շարունակություն, որպես աղբյուր մեր ներշնչման, պետք է ձեռք մեկնի հալեպահայերին»: Շնորհակալական խոսքում Հակոբ Պալյանը անդրադարձավ իրեն հուզող խնդիրներին` խոսելով Սփյուռքում կրթության հարցի, թարգմանական գրականության կառույց ստեղծելու և հայ գրականությունը միջազգայնացնելու, Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ամրապնդելու, գրական առողջ քննադատության մասին: Ջիվանու «Ես մի ծառ եմ ծիրանի» երգով ելույթ ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը և հոբելյարին նվիրեց երգարվեստին նվիրված արժեքավոր հրատարակություններ:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ